1Երկու տարի անց փարաւոնը երազ տեսաւ: Երազում ինքը կանգնած էր գետի եզերքին,
2իսկ գետից դուրս էին գալիս տեսքով գեղեցիկ ու մարմնով պարարտ եօթը երինջներ, որոնք արածում էին այնտեղ՝ ճահճուտում:
3Դրանցից յետոյ գետից դուրս էին գալիս տեսքով տգեղ ու մարմնով նիհար եօթը այլ երինջներ եւ միւս երինջների հետ արածում գետի եզերքին:
4Տեսքով տգեղ ու մարմնով նիհար եօթը երինջներն ուտում էին տեսքով գեղեցիկ ու պարարտ եօթը երինջներին: Զարթնեց փարաւոնը: Նորից քուն մտաւ:
5Նա տեսաւ մի երկրորդ երազ. ահա մէկ ցօղունից բուսնում էին ընտիր ու գեղեցիկ եօթը հասկեր:
6Ապա բուսան չորուկ ու խորշակահար եօթը այլ հասկեր,
7եւ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը կուլ տուեցին ընտիր ու լի եօթը հասկերը:
8Զարթնեց փարաւոնը եւ տեսաւ, որ երազ էր: Առաւօտեան խռովուեց նրա հոգին: Նա մարդ ուղարկեց, կանչել տուեց Եգիպտոսի բոլոր երազահաններին, երկրի բոլոր իմաստուններին եւ պատմեց իր երազները, բայց չգտնուեց մէկը, որ կարողանար մեկնել փարաւոնի երազները:
9Տակառապետը, դիմելով փարաւոնին, ասաց. «Այսօր յիշեցնեմ իմ յանցանքը:
10Երբ փարաւոնը բարկացել էր իր ծառաների վրայ, ինձ ու մատակարարին արգելափակել էր դահճապետի տանը:
12Այնտեղ մեզ հետ էր դահճապետի ծառայ եբրայեցի մի պատանի: Պատմեցինք նրան,
13եւ նա մեկնեց մեզ մեր երազները՝ տալով իւրաքանչիւրիս իր երազի մեկնութիւնը: Եւ եղաւ, որ ինչպէս մեկնել էր մեզ, այնպէս էլ կատարուեց. ես եկայ հասայ իմ պաշտօնին, իսկ նրան կախեցին ծառից»:
14Փարաւոնը մարդ ուղարկեց ու կանչել տուեց Յովսէփին: Հանեցին նրան բանտից, երեսն ածիլեցին, փոխեցին նրա պատմուճանը, եւ նա ներկայացաւ փարաւոնին:
15Փարաւոնն ասաց Յովսէփին. «Երազ եմ տեսել, եւ չկայ մէկը, որ մեկնի այն: Ես լսել եմ քո մասին: Ասում են, որ եթէ երազները պատմեն քեզ, դու կը մեկնես դրանք»:
16Պատասխան տալով՝ Յովսէփն ասաց փարաւոնին. «Առանց Աստծու օգնութեան փարաւոնի համար փրկարար ոչ մի պատասխան չի լինի»:
17Փարաւոնը, դիմելով Յովսէփին, ասաց. «Երազումս ինձ թւում էր, թէ կանգնած էի գետի եզերքին,
18եւ, իբրեւ թէ, գետից ելնում էին մարմնով պարարտ ու տեսքով գեղեցիկ եօթը երինջներ, որոնք արածում էին այնտեղ՝ ճահճուտում:
19Ապա, դրանցից յետոյ գետից դուրս էին գալիս տեսքով շատ այլանդակ ու զզուելի եւ մարմնով նիհար եօթը երինջներ, որոնցից աւելի զզուելին չեմ տեսել ողջ Եգիպտացիների երկրում:
20Յոթը նիհար ու զզուելի երինջներն ուտում էին գեղեցիկ ու պարարտ առաջին եօթը երինջներին:
21Նրանք թէեւ կուլ էին տալիս վերջիններիս, բայց չէր երեւում, որ նրանք սրանց կուլ են տուել. նրանց տեսքը առաջուայ պէս զզուելի էր: Զարթնեցի ու նորից քնեցի:
22Դարձեալ երազում տեսայ, որ, իբրեւ թէ, մէկ ցօղունից բուսնում էին լի ու գեղեցիկ եօթը հասկեր:
23Նրանց կողքին բուսան բարակ, չորուկ ու խորշակահար եօթը այլ հասկեր,
24եւ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը կուլ էին տալիս գեղեցիկ ու լի հասկերը: Երազներս պատմեցի երազահաններին, բայց ոչ մէկը չկար, որ դրանք մեկնէր ինձ»:
25Յովսէփն ասաց փարաւոնին. «Փարաւոնի տեսած երազները մէկ իմաստ ունեն. Աստուած փարաւոնին յայտնել է այն, ինչ անելու է:
26Եօթը գեղեցիկ երինջները եօթը տարի են նշանակում, եւ եօթը գեղեցիկ հասկերը նոյնպէս եօթը տարի են նշանակում: Փարաւոնի տեսած երազները մէկ իմաստ ունեն:
27Դրանցից յետոյ ելած տգեղ ու վտիտ եօթը երինջները եօթը տարի են նշանակում, իսկ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը նշանակում են, որ եօթը տարի սով է լինելու:
28Փարաւոնին ասածիս իմաստն այն է, որ Աստուած փարաւոնին յայտնել է այն, ինչ անելու է:
29Ահա ողջ Եգիպտացիների երկրում լինելու են բերքառատ եօթը տարիներ:
30Դրանցից յետոյ կը գան սովի եօթը տարիներ, եւ կը մոռացուի երկրում եղած բերքի առատութիւնը:
31Սովը կը սպառի երկիրը, եւ մարդիկ չեն իմանայ բերքի առատութիւնը դրան յաջորդող սովի պատճառով, քանի որ սովը շատ սաստիկ է լինելու:
32Փարաւոնի երազի երկու անգամ կրկնուելը վկայում է, որ Աստծու խօսքը հաստատապէս կատարուելու է, եւ Աստուած չի յապաղի այն ի կատար ածելուց:
33Արդ, տե՛ս, գտի՛ր խոհեմ ու իմաստուն մի մարդու, որ դառնայ փարաւոնի խորհրդականը, եւ նրան վերակացու նշանակի՛ր Եգիպտացիների երկրի վրայ:
34Փարաւոնը երկրի վրայ նաեւ գործակալներ թող նշանակի, որ Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիների ընթացքում բերքի մէկ հինգերորդ մասը հարկ վերցնեն:
35Նրանք թող հաւաքեն առաջին եօթը տարիների բերքի ամբողջ պաշարը, ցորենը թող դրուի փարաւոնի տրամադրութեան տակ, եւ պարէնը թող պահուի քաղաքներում:
36Երկրի պարէնը թող պահուի Եգիպտացիների երկրի վրայ տարածուելիք սովի եօթը տարիների համար, որպէսզի երկիրը սովից չկոտորուի»:
37Յովսէփի խօսքերը հաճելի թուացին փարաւոնին ու նրա բոլոր պաշտօնեաներին:
38Փարաւոնն ասաց իր բոլոր պաշտօնեաներին. «Մի՞թէ կը գտնենք այսպիսի մի մարդ, որ իր անձի մէջ կրի Աստծու ոգին»:
39Եւ փարաւոնն ասաց Յովսէփին. «Քանի որ Աստուած քեզ յայտնեց այդ ամէնը, ուրեմն քեզնից աւելի իմաստուն ու խելացի մարդ չկայ:
40Դո՛ւ եղիր իմ տան վերակացուն, եւ քո հրամանին թող ենթարկուի իմ ամբողջ ժողովուրդը: Իմ գահո՛վ միայն ես քեզնից բարձր կը լինեմ»:
41Փարաւոնն ասաց Յովսէփին. «Ահա այսօր քեզ վերակացու եմ կարգում Եգիպտացիների երկրի վրայ»:
42Եւ փարաւոնը մատից հանելով իր մատանին՝ դրեց Յովսէփի մատին, նրան հագցրեց բեհեզեայ պատմուճան, ոսկէ մանեակ անցկացրեց նրա պարանոցին,
43նրան նստեցրեց իր երկրորդ կառքը: Մունետիկը Յովսէփի առաջից գնալով՝ այդ մասին ազդարարեց, եւ նա վերակացու կարգուեց Եգիպտացիների երկրի վրայ:
44Փարաւոնն ասաց Յովսէփին. «Ահա ես փարաւոնն եմ: Ամբողջ Եգիպտացիների երկրում ոչ ոք իրաւունք չունի նոյնիսկ իր ոտքը կամ ձեռքը բարձրացնելու առանց քո հրամանի»:
45Եւ փարաւոնը Յովսէփի անունը դրեց Փսոմփթոմբանէ, իսկ Արեգ քաղաքի քուրմ Պետափրէսի դուստր Ասանէթին նրան տուեց կնութեան: Եւ Յովսէփը գնաց փարաւոնի մօտից:
46Յովսէփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացաւ եգիպտացիների փարաւոն արքային: Յովսէփը, գնալով փարաւոնի մօտից, շրջեց ողջ Եգիպտոսում:
47Երկիրը առատութեան եօթը տարիների ընթացքում հարուստ բերք տուեց:
48Յովսէփը հաւաքեց Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիների ողջ բերքը՝ ամէն մի քաղաքի շուրջը գտնուող դաշտերի բերքը ամբարելով այդ քաղաքում:
49Յովսէփը ծովի աւազի չափ շատ ցորեն հաւաքեց ու ամբարեց այնտեղ այնքան, որ հնարաւոր չէր հաշուել, քանի որ անթիւ-անհամար էր:
50Երբ դեռ չէր եկել եօթը տարուայ սովը, Յովսէփն ունեցաւ երկու որդի, որոնց ծնել էր Արեգ քաղաքի քուրմ Պետափրէսի դուստր Ասանէթը նրա համար:
51Յովսէփն անդրանիկ որդու անունը դրեց Մանասէ, «Որովհետեւ, - ասում է, - Աստուած ինձ մոռացնել տուեց իմ ու իմ հօր բոլոր վշտերը»:
52Երկրորդ որդու անունը դրեց Եփրեմ, «Որովհետեւ, - ասում է, - Աստուած ինձ բազմացրեց իմ տառապանքների երկրում»:
53Անցան Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիները,
54եւ վրայ հասան սովի եօթը տարիները, ինչպէս ասել էր Յովսէփը: Սով եղաւ ամբողջ երկրում, որովհետեւ ողջ Եգիպտացիների երկրում հաց չէր գտնւում:
55Սովի մատնուեց համայն Եգիպտացիների երկիրը, եւ ամբողջ ժողովուրդը հացի համար աղաղակ բարձրացրեց փարաւոնի առաջ: Փարաւոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացէ՛ք Յովսէփի մօտ, եւ ինչ որ ասի նա ձեզ, կատարեցէ՛ք»:
56Սով էր ամբողջ երկրում: Յովսէփը բացեց ցորենի բոլոր շտեմարանները եւ ցորեն էր վաճառում բոլոր եգիպտացիներին: Սովը սաստկացաւ Եգիպտացիների երկրում:
57Եւ բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ Յովսէփից հաց գնելու, որովհետեւ սովը սաստկանում էր ամբողջ աշխարհում: