1«Նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւից տասշերտանի վարագոյրով խորան կը պատրաստես: Այն կը զարդարես ասեղնագործ քերովբէներով:
2Վարագոյրի ամէն շերտի երկարութիւնը պէտք է լինի քսանութ կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Բոլոր շերտերի չափսը նոյնը պէտք է լինի:
3Հինգ շերտերը պէտք է միացած լինեն իրար: Իրար պէտք է միացած լինեն նաեւ միւս հինգ շերտերը:
4Շերտերի կցուածքի մի կողմից մէկ շերտի եզերքին կապոյտ ճարմանդներ պէտք է դնես: Նոյնը պէտք է անես նաեւ երկրորդ կցուածքի արտաքին շերտի եզերքին:
5Յիսուն ճարմանդ կը դնես մի շերտի վրայ, յիսուն ճարմանդ էլ՝ կը դնես երկրորդ կցուածքի շերտի կողմից: Բոլոր ճարմանդները միմեանց դիմաց պէտք է լինեն:
6Կը պատրաստես յիսուն ոսկէ օղակներ եւ շերտերը իրար կը միացնես կեռիկներով: Այսպիսով կը ստացուի մի խորան:
7Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկոց կը պատրաստես: Տասնմէկ շերտերից թող բաղկացած լինի այն:
8Ամէն մի շերտի երկարութիւնը պէտք է լինի երեսուն կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Տասնմէկ շերտերի չափսը նոյնը պէտք է լինի:
9Հինգ շերտերը իրար կը միացնես առանձին եւ վեց շերտերը՝ առանձին: Վեցերորդ շերտը իբրեւ կրկնակի ծածկոց թող կախուի խորանի ճակատի կողմից:
10Յիսուն ճարմանդ կը պատրաստես կցուածքի ամէն շերտի եզերքին, յիսուն ճարմանդ էլ՝ երկրորդ կցուածքի շերտի եզերքին:
11Կը պատրաստես յիսուն պղնձէ օղակներ եւ ճարմանդները օղակների մէջ անցկացնելով՝ իրար կը միացնես շերտերը: Կը ստացուի մի ամբողջութիւն:
12Շերտերի աւելացած մասերը կը տեղաւորես վրանի տակ. շերտի այդ աւելացած մասի կէսով կը ծածկես վրանի ծայրամասերը՝ յետեւի կողմից:
13Վրանի վարագոյրների երկարութեան աւելացած մասից մի կանգուն թող կախուի այս կողմից եւ մի կանգուն՝ այն կողմից: Վրանի ծայրերը թող ծածկուեն այս ու այն կողմից:
14Վրանի ծածկը կը պատրաստես խոյերի շիկակարմիր մորթուց, իսկ դրա վրայ էլ մի ծածկ կը դնես կապոյտ մորթուց:
15Վրանի ուղղահայեաց մոյթերը կը պատրաստես կարծր փայտից:
16Ամէն մոյթի երկարութիւնը տասը կանգուն թող լինի, իսկ ամէն մոյթի հաստութիւնն ու լայնութիւնը մէկուկէս կանգուն թող լինի:
17Ամէն մի մոյթ թող ունենայ իրար ագուցուած երկու ծղնի: Այդպէս կը պատրաստես վրանի բոլոր մոյթերը:
18Վրանի հիւսիսային կողմում կը դնես քսան մոյթեր
19եւ այդ քսան մոյթերի համար կը պատրաստես քառասուն արծաթէ խարիսխներ. երկու խարիսխ՝ վրանի մի մոյթի երկու կողմերի համար եւ երկու խարիսխ՝ մի մոյթի երկու կողմերի համար:
20Վրանի միւս՝ հարաւային կողմում նոյնպէս կը դնես քսան մոյթեր իրենց քառասուն արծաթէ խարիսխներով:
21Երկու խարիսխ՝ մի մոյթի երկու կողմերի համար:
22Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում վեց մոյթ կը դնես:
23Երկու մոյթ կը դնես խորանի անկիւններին՝ յետեւի կողմից:
24Ներքեւի կողմից դրանք պէտք է իրար հաւասար լինեն: Նոյն ձեւով հաւասար թող լինեն դրա իրար ագուցուած զոյգ խոյակները: Նոյն ձեւով կը շինես երկու անկիւնների մոյթերը:
25Այսպիսով կը ստացուի ութ մոյթ: Դրանց խարիսխները արծաթից թող լինեն. տասնվեց խարիսխ: Երկու խարիսխ՝ մի մոյթի համար նրա երկու կողմերից, եւ երկու խարիսխ էլ՝ միւս մոյթի համար:
26Կարծր փայտից նիգեր կը պատրաստես. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մոյթի համար,
27հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար:
28Մի նիգ էլ մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացուելով՝ դրանք թող միացնի իրար:
29Մոյթերը կը պատես ոսկով: Կը պատրաստես ոսկէ օղակներ, որոնց մէջ կը հագցնես նիգերը: Նիգերը կը պատես ոսկով:
30Վրանը կը կանգնեցնես այն ձեւով, որ ցոյց տրուեց քեզ լերան վրայ:
31Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր կը պատրաստես: Այն կը զարդարես ասեղնագործուած քերովբէով:
32Այն կ՚ամրացնես կարծր փայտից շինուած եւ ոսկով պատած չորս մոյթերի վրայ: Դրանց խոյակները թող լինեն ոսկուց, իսկ խարիսխները՝ արծաթից: Վարագոյրը կը ձգես մոյթից մոյթ:
33Վկայութեան տապանակը կը տանես այնտեղ, վարագոյրի ներսի կողմը, եւ վարագոյրը ձեզ համար սրբութիւնը կ՚առանձնացնի սրբութիւնների սրբութիւնից:
34Սրբութիւնների սրբութեան տեղում վկայութեան տապանակը կը ծածկես վարագոյրով:
35Զոհասեղանը կը դնես վարագոյրի դրսի կողմը, իսկ աշտանակը՝ զոհասեղանի դիմաց, վրանի հարաւային կողմում: Զոհասեղանը կը դնես վրանի հիւսիսային կողմում:
36Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից կը պատրաստես վրանի դռան առագաստը՝ նկարազարդ մի գործ:
37Առագաստի համար կարծր փայտից հինգ մոյթ կը պատրաստես եւ դրանք կ՚ոսկեզօծես: Դրանց խոյակները թող լինեն ոսկուց: Դրանց համար հինգ պղնձէ խարիսխ կը ձուլես»: