1Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի միւս կողմը. եւ եկաւ իր քաղաքը:
2Եւ ահա նրա մօտ բերեցին մի անդամալոյծ, որ պառկած էր մահճի մէջ: Յիսուս նրանց հաւատը տեսնելով՝ ասաց անդամալոյծին. «Քո մեղքերը քեզ ներուած են»:
3Եւ ահա օրէնսգէտներից ոմանք իրենց մտքում ասացին՝ դա հայհոյում է:
4Եւ Յիսուս իմանալով նրանց մտածումները՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում.
5ի՞նչն է դիւրին. ասել՝ քեզ ներուա՞ծ են քո մեղքերը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր:
6Արդ, որպէսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու, - ասաց նա այդ ժամանակ անդամալոյծին, - վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»:
7Եւ նա վեր կենալով՝ իր տունը գնաց:
8Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացաւ. եւ փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն տուողին:
9Եւ Յիսուս այնտեղով անցնելով՝ տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»: Եւ նա վեր կենալով՝ գնաց նրա յետեւից:
10Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ:
11Երբ փարիսեցիները այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»:
12Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին:
13Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին:
14Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:
15Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա ծոմ կը պահեն:
16Ոչ ոք չօգտագործուած կտաւի կտորը հնացած ձորձի վրայ չի կարկատի, քանի որ այն իր լրիւ չափով կը պատռի կը հանի զգեստից, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի:
17Ոչ էլ նոր գինին հին տիկերի մէջ են դնում. ապա թէ ոչ տիկերը կը պատռուեն. ե՛ւ գինին դուրս կը թափուի, ե՛ւ տիկերը կը փչանան. այլ նոր գինին նոր տիկերի մէջ են լցնում, եւ երկուսն էլ պահւում են»:
18Մինչ Յիսուս նրանց այս բաներն էր ասում, ահա մի իշխանաւոր, մօտենալով, երկրպագեց նրան ու ասաց. «Իմ դուստրը հէնց նոր մեռաւ, սակայն գայիր եւ քո ձեռքը նրա վրայ դնէիր, եւ նա կը կենդանանար»:
19Յիսուս վեր կացաւ եւ իր աշակերտների հետ միասին գնաց նրա յետեւից:
20Եւ ահա տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունեցող մի կին, յետեւից մօտենալով Յիսուսին, դիպաւ նրա զգեստի քղանցքին,
21քանի որ մտքում ասում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստին, կը փրկուեմ»:
22Իսկ Յիսուս, երբ դարձաւ ու նրան տեսաւ, ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւա՛տը քեզ փրկեց»: Եւ նոյն ժամին կինը բժշկուեց:
23Երբ Յիսուս իշխանաւորի տունը եկաւ եւ տեսաւ փողհարներին ու մեծ ամբոխ,
24նրանց ասաց. «Հեռո՛ւ գնացէք, որովհետեւ այդ աղջիկը ոչ թէ մեռած է, այլ ննջում է».
25եւ նրանք ծաղրում էին նրան: Եւ երբ ամբոխը դուրս ելաւ, նա ներս մտաւ, բռնեց նրա ձեռքից, եւ աղջիկը վեր կացաւ:
26Եւ այս լուրը ամբողջ այդ երկրով մէկ տարածուեց:
27Եւ մինչ Յիսուս անցնում էր այն տեղով, երկու կոյրեր գնացին նրա յետեւից. նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի»:
28Երբ նա տուն եկաւ, կոյրերը մօտեցան նրան: Յիսուս նրանց ասաց. «Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»: Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր:
29Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»:
30Եւ բացուեցին նրանց աչքերը: Եւ Յիսուս նրանց խստիւ պատուիրեց եւ ասաց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ»:
31Իսկ նրանք ելան եւ նրա համբաւը տարածեցին ամբողջ այդ երկրում:
32Եւ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մօտ բերեցին մի համր, դիւահար մարդ:
33Եւ երբ դեւը դուրս եկաւ, համրը խօսեց. եւ ժողովուրդը զարմացաւ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայէլում երբեք տեսնուած չէ»:
34Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դեւերի իշխանի միջոցով է հանում դեւերին»:
35Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան Աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները:
36Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն:
37Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ:
38Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»: