1Յակոբը վեր կացաւ գնաց արեւելեան երկիրը, ասորի Բաթուէլի որդի Լաբանի մօտ, որը Ռեբեկայի՝ Յակոբի ու Եսաւի մօր եղբայրն էր:
2Նա դաշտում մի ջրհոր տեսաւ: Այնտեղ մակաղել էր ոչխարների երեք հօտ. այդ ջրհորից ջուր էին տալիս ոչխարներին:
3Ջրհորի բերանին մի մեծ քար կար: Բոլոր հօտերն այնտեղ էին հաւաքւում: Հովիւները գլորում էին ջրհորի բերանը ծածկող քարը, ջուր էին տալիս ոչխարներին եւ ապա քարը դարձեալ դնելով իր տեղը՝ փակում էին ջրհորի բերանը:
4Յակոբը հարցրեց նրանց. «Եղբայրնե՛ր, որտեղի՞ց էք»:
5Նրանք պատասխանեցին. «Խառանից ենք»: Նա հարցրեց նրանց. «Դուք ճանաչո՞ւմ էք Նաքորի որդի Լաբանին»: Նրանք պատասխանեցին. «Ճանաչում ենք»:
6Նա հարցրեց նրանց. «Նա ողջ-առո՞ղջ է»: Նրանք պատասխանեցին. «Ողջ-առողջ է»: Հէնց այդ պահին նրա դուստր Ռաքէլը գալիս էր ոչխարների հետ:
7Յակոբն ասաց. «Օրը դեռ առջեւում է, ոչխարները հաւաքելու ժամանակը չէ, ջուր տուէ՛ք ոչխարներին եւ տարէ՛ք էլի արածեցնելու»:
8Նրանք ասացին. «Դա անհնար է, քանի դեռ չեն հաւաքուել բոլոր հովիւները եւ ջրհորի բերանից քարը չեն գլորել. դրանից յետոյ ջուր կը տանք ոչխարներին»:
9Մինչ նա խօսում էր նրանց հետ, ահա Լաբանի դուստր Ռաքէլը եկաւ իր հօր ոչխարների հետ, որովհետեւ նա էր արածեցնում իր հօր ոչխարները:
10Երբ Յակոբը տեսաւ իր մօրեղբայր Լաբանի դուստր Ռաքէլին եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարները, մօտեցաւ, ջրհորի բերանից գլորեց քարը եւ ջրեց իր մօրեղբայր Լաբանի ոչխարները:
11Յակոբը համբուրեց Ռաքէլին ու բարձրաձայն լաց եղաւ:
12Յակոբը Ռաքէլին յայտնեց, որ ինքը նրա հօրեղբայրն է՝ Ռեբեկայի որդին: Ռաքէլը գնաց ու հօրը պատմեց այն, ինչ պատահել էր:
13Երբ Լաբանը լսեց իր քրոջ որդի Յակոբի անունը, ընդառաջ գնաց, գիրկն առաւ նրան, համբուրեց ու տարաւ իր տունը: Յակոբը Լաբանին պատմեց այդ բոլոր բաները:
14Լաբանն ասաց նրան. «Իմ ոսկորներից եւ իմ միս ու արիւնից ես դու»: Յակոբը նրա մօտ մնաց մի ամբողջ ամիս:
15Լաբանն ասաց Յակոբին. «Քանի որ դու իմ եղբայրն ես, ինձ ձրի չես ծառայի: Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»:
16Լաբանն ունէր երկու դուստր: Աւագի անունը Լիա էր, իսկ կրտսերինը՝ Ռաքէլ:
17Լիայի տեսողութիւնը թոյլ էր, իսկ Ռաքէլը բարեկազմ էր ու դէմքով գեղեցիկ:
18Յակոբը սիրեց Ռաքէլին. նա ասաց. «Քեզ եօթը տարի կը ծառայեմ քո կրտսեր դուստր Ռաքէլի համար»:
19Լաբանն ասաց նրան. «Աւելի լաւ է նրան քե՛զ տամ, քան օտար մարդու: Ապրի՛ր դու ինձ մօտ»:
20Յակոբը Ռաքէլի համար ծառայեց եօթը տարի, բայց նրա աչքին այդ տարիները օրեր թուացին, որովհետեւ սիրում էր նրան:
21Յակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր ինձ իմ հարսնացուին, որպէսզի պառկեմ նրա հետ, որովհետեւ սահմանուած ժամկէտը վերջացել է»:
22Լաբանը հաւաքեց տեղի բոլոր մարդկանց ու հարսանիք արեց:
23Երբ գիշերը վրայ հասաւ, Լաբանն առաւ իր դուստր Լիային, տարաւ Յակոբի մօտ, եւ Յակոբը պառկեց նրա հետ:
24Լաբանն իր աղախին Զելփային իբրեւ նաժիշտ տուեց իր դուստր Լիային: Առաւօտեան Յակոբը տեսաւ, որ իր կողքինը Լիան է: