1Տէրը Եգիպտացիների երկրում խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
2«Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարուայ առաջին ամիսը լինի:
3Դու խօսի՛ր իսրայէլացի ողջ ժողովրդի հետ ու ասա՛. «Այս ամսի տասներորդ օրը ամէն մարդ թող մի ոչխար առնի ըստ իր ընտանիքի՝ ամէն մի տան համար մէկ ոչխար:
4Եթէ մի ընտանիքի անդամները այնքան քիչ են, որ չեն կարող մէկ ոչխար ուտել, ապա ընտանիքի մեծը, ըստ ընտանիքի թուի թող միանայ իր հարեւանի կամ ընկերոջ հետ, եւ իւրաքանչիւրը թող ստանայ ոչխարի համապատասխան բաժինը:
5Ձեր այդ ոչխարը որեւէ պակասութիւն թող չունենայ, լինի արու, մէկ տարեկան ու անարատ: Այն կարող է գառ կամ ուլ լինել:
6Այն կը պահէք մինչեւ այս ամսի տասնչորսերորդ օրը, եւ իսրայէլացիները այն թող մորթեն երեկոյեան:
7Թող վերցնեն նրա արիւնից ու քսեն այն տան դռան սեմին երկու տեղ ու դռան շրջանակի վերեւը այն տան, ուր այն ուտելու են:
8Այդ գիշեր թող ուտեն կրակի վրայ խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառն խոտերով:
9Դրանք հում կամ խաշած չուտէք, այլ՝ կրակի վրայ խորովելով: Կ՚ուտէք նաեւ ոչխարի գլուխը, ոտքերն ու փորոտիքը:
10Առաւօտեան դրանից ոչինչ թող չմնայ: Ոչխարի ոսկորները մի՛ ջարդէք, այլ, ինչ որ աւելանայ դրանից, կրակով կ՚այրէք:
12Այդ գիշեր ես պիտի անցնեմ Եգիպտացիների ամբողջ երկրով եւ պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկրի բոլոր արու առաջնածիններին՝ թէ՛ մարդկանց, թէ՛ անասունների: Եգիպտացիների բոլոր աստուածներից վրէժ պիտի լուծեմ, որովհետեւ ե՛ս եմ Տէրը:
13Եւ նշուած արիւնը այն տների վրայ, ուր ուտելու էք, թող ձեզ նշան լինի: Ես, տեսնելով այդ արիւնը, պիտի խնայեմ ձեզ, եւ ձեր գլխին չեն իջնի մահաբեր այն հարուածները, որոնցով պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկիրը:
14Այդ օրը ձեզ համար յիշարժան թող լինի, եւ դուք, իբրեւ Տիրոջ տօն, այդ օրը տօնեցէ՛ք սերնդէսերունդ: Դա, իբրեւ կարգ, յաւիտեան կը տօնէք»:
15«Եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, առաջին իսկ օրից սկսած ձեր տնից կը վերացնէք թթխմորը: Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչեւ եօթներորդ օրը թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն իսրայէլացիների միջից:
16Առաջին օրը թող սուրբ հռչակուի: Ձեզ համար թող սուրբ լինի նաեւ նուիրական եօթներորդ օրը: Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարէք, այլ կատարեցէք միայն այն, ինչ կապուած է իւրաքանչիւր մարդու անձնական կարիքների հետ:
17Իմ այս պատուիրանները կը պահէք, որպէսզի այդ օրը ես ձեր ժողովրդին հանեմ Եգիպտացիների երկրից: Այդ օրը, իբրեւ կարգ, ձեր ժողովրդի մէջ կը նշէք յաւիտենապէս:
19Եօթը օր ձեր տներում թթխմոր չպիտի լինի: Բոլոր նրանք, ովքեր թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն Իսրայէլի ժողովրդի միջից:
20Ձեր երկիրն եկած եկուորներ լինեն թէ տեղաբնակներ, ոչ ոք թթխմորով հաց թող չուտի: Ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ հաց պիտի ուտէք»:
21Մովսէսը կանչեց բոլոր իսրայէլացի ծերերին ու նրանց ասաց. «Գնացէ՛ք, ձեր իւրաքանչիւր ընտանիքի համար մի ոչխար առէ՛ք եւ մորթեցէ՛ք զատկի համար:
22Վերցրէ՛ք մի խուրձ ծոթրին, այն թաթախեցէ՛ք դռան մօտ եղած արեան մէջ եւ դրանով նշան արէ՛ք դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւը: Բայց ձեզնից ոչ ոք մինչեւ առաւօտ իր տան դռնից դուրս չգայ:
23Տէրն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար: Նա, տեսնելով դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւում եղած արիւնը, կ՚անցնի կը գնայ այդ դռնով եւ Ոչնչացնողին թոյլ չի տայ մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ:
24Այս խօսքերը մինչեւ յաւիտեան օրէնք թող լինեն քեզ եւ քո որդիների համար:
25Երբ կը մտնէք այն երկիրը, որ Տէրը, իր խոստման համաձայն, տալու է ձեզ, կը կատարէք այդ ծիսակատարութիւնը:
26Եթէ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թէ՝ «Ի՞նչ է նշանակում այս ծիսակատարութիւնը»,
27նրանց կը պատասխանէք, որ Տիրոջ համար զատկի զոհն է սա, այն Տիրոջ, որ Եգիպտոսում եգիպտացիներին կոտորելիս խնայեց իսրայէլացիներին, փրկեց մեր ընտանիքները»: Ժողովուրդը խոնարհուեց ու երկրպագութիւն արեց:
28Իսրայէլացիները գնացին ու արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին:
29Երբ կէս գիշեր եղաւ, Տէրը Եգիպտացիների երկրում կոտորեց եգիպտացի բոլոր անդրանիկ զաւակներին՝ իր գահին բազմած փարաւոնի անդրանիկից մինչեւ բանտի մէջ արգելափակուած գերի կնոջ անդրանիկը, նաեւ անասունների բոլոր առաջնածինները:
30Գիշերը վեր կացան փարաւոնն ինքը, նրա բոլոր պաշտօնեաներն ու բոլոր եգիպտացիները: Եգիպտացիների ամբողջ երկրում մեծ աղաղակ բարձրացաւ, որովհետեւ տուն չկար, որտեղ մեռել չլինէր:
31Փարաւոնը գիշերով կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Դուք եւ իսրայէլացիներդ վեր կացէք գնացէ՛ք իմ ժողովրդի միջից, գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն, ինչպէս որ ասացիք:
32Ձեզ հետ տարէ՛ք նաեւ ձեր արջառն ու ոչխարը, ինչպէս որ ասացիք, բայց ինձ էլ օրհնեցէ՛ք»:
33Եւ եգիպտացիներն ստիպում էին իսրայէլացի ժողովրդին, որ շտապ դուրս գան երկրից, որովհետեւ ասում էին. «Նրանց պատճառով մենք բոլորս էլ կը մեռնենք»:
34Ժողովուրդն իր հունցած, բայց դեռեւս չհասած խմորը շորերի մէջ փաթաթելով՝ ուսն առաւ:
35Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս իրենց հրամայել էր Մովսէսը. եգիպտացիներից նրանք ուզեցին ոսկեայ, արծաթեայ զարդեր ու զգեստներ:
36Տէրը շնորհ պարգեւեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ. սրանք զարդեր տուին նրանց: Այսպիսով նրանք կողոպտեցին եգիպտացիներին:
37Իսրայէլացիները՝ վեց հարիւր հազար տղամարդ, հետիոտն, բացի մնացած բազմութիւնից, Ռամեսից մեկնեցին Սոկքոթ:
38Նրանց հետ ճանապարհ ընկաւ մի խառնիճաղանջ բազմութիւն, մեծ քանակութեամբ արջառ, ոչխար ու այլ անասուն:
39Նրանք Եգիպտոսից բերած ու դեռ չհասած խմորով բաղարջ հաց եփեցին, որովհետեւ այն դեռ չէր խմորուել, քանի որ եգիպտացիները երկրից հանել էին իրենց, եւ իրենք չէին կարողացել սպասել ու իրենց ճանապարհի պաշար չէին արել:
40Իսրայէլացիներն իրենք ու իրենց հայրերը Եգիպտացիների երկրում եւ Քանանացիների երկրում ապրեցին չորս հարիւր երեսուն տարի: Երբ չորս հարիւր երեսուն տարին վերջացաւ, նոյն օրն իսկ
41Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով Եգիպտացիների երկրից դուրս եկաւ:
42Իսրայէլացիները Տիրոջ հրամանով այդ գիշերը անքուն մնացին, որպէսզի նա նրանց դուրս բերի Եգիպտացիների երկրից. դա Տիրոջ անքուն մնալու այն գիշերն էր, որ բոլոր իսրայէլացիները սերնդէսերունդ պիտի յիշեն:
43Տէրը Մովսէսին ու Ահարոնին ասաց. «Սա է զատկի կարգը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից:
44Որեւէ մէկը իր ծառային ու փողով գնուած ստրուկին թող թլփատի եւ թլփատուելուց յետոյ միայն թող նա ուտի դրանից:
45Պանդուխտն ու վարձկանը թող չուտեն դրանից:
46Տա՛ն մէջ պէտք է ուտուի այն. միսը տնից դուրս չպիտի հանէք եւ դրա ոսկորը չպիտի ջարդէք:
47Իսրայէլի ողջ ժողովուրդը պէտք է կատարի դա:
48Եթէ մի օտարական մօտենայ ձեզ եւ ուզենայ կատարել Տիրոջ զատիկը, դու պէտք է թլփատես նրա բոլոր արու զաւակներին, եւ դրանից յետոյ միայն նա կարող է մօտենալ կատարելու զատիկը: Նա կը համարուի երկրի տեղաբնակ: Ոչ մի անթլփատ դրանից չպէտք է ուտի:
49Օրէնքը հաւասարապէս տարածւում է եւ՛ տեղաբնակի, եւ՛ ձեզ մօտ ապրել ցանկացող օտարականի վրայ»:
50Բոլոր իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս պատուիրել էր Տէրը Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին:
51Ահա այդ օրն էր, որ Տէրը բոլոր իսրայէլացիներին հանեց Եգիպտացիների երկրից: