2«Ինձ նուիրաբերի՛ր բոլոր իսրայէլացիների անդրանիկ զաւակներին, ամէն մի նախածին, մարդ թէ անասուն, որովհետեւ իմն է»:
3Մովսէսն ասաց ժողովրդին. «Յիշեցէ՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկութեան այս տնից, որովհետեւ Տէրը ձեզ իր հզօր ձեռքով հանեց այստեղից: Թթխմորով հաց չպիտի ուտէք,
4որովհետեւ դուք այսօր, գարնանային վաղահաս բերքի ամսին էք դուրս գալիս:
5Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի քո հայրերին խոստացած Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Խեւացիների, Յեբուսացիների, Փերեզացիների ու Գերգեսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում, ապա հէնց այդ ամսին այս ծիսակատարութիւնը կ՚անես:
6Եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, իսկ եօթներորդ օրը Տիրոջ տօնը կը լինի. բաղարջ հաց կ՚ուտէք:
7Ձեր տանը թթխմորով հաց չլինի, քո ողջ երկրի սահմաններում թթխմոր չերեւայ:
8Այդ օրը քո որդուն կը պատմես՝ ասելով. «Դա կատարւում է ի յիշատակ այն բանի, ինչ արել է ինձ Տէր Աստուածը, երբ դուրս էի գալիս Եգիպտոսից»:
9Ասածս նշան արա՛ ձեռքիդ վրայ, նաեւ նշան՝ ճակատիդ, որ յիշես: Տիրոջ օրէնքները թող քո բերանում լինեն, քանի որ Տիրոջ հզօր ձեռքն է հանել քեզ Եգիպտոսից:
10Այս օրէնքները կը պահպանէք տարէցտարի ձեր կեանքի բոլոր օրերում»:
11«Երբ քո Տէր Աստուածը քեզ կը տանի Քանանացիների երկիրը, ինչպէս խոստացել է քեզ ու քո հայրերին, եւ այն կը տայ քեզ,
12Տիրոջ համար կ՚առանձնացնես անդրանիկ բոլոր արու ծնունդներին եւ քո արջառների ու ոչխարների առաջնածիններին, որոնք պիտի ծնուեն: Դրանք բոլորը Տիրոջը կը նուիրաբերես:
13Առաջնածին էշը կը փոխանակես ոչխարի հետ, իսկ եթէ չուզենաս փոխանակել, ապա դա փրկագին կը տաս: Քո որդիների բոլոր անդրանիկ զաւակներին կը փրկագնես:
14Եթէ դրանից յետոյ որդիդ հարցնի քեզ ու ասի, թէ՝ «Ի՞նչ է այս», նրան կ՚ասես, թէ՝ «Տէրը հզօր ձեռքով է հանել մեզ Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից:
15Երբ փարաւոնի սիրտը կարծրացաւ ու մեզ չարձակեց, Տէրը Եգիպտացիների երկրում կոտորեց բոլոր անդրանիկներին՝ մարդկանց անդրանիկ զաւակներից մինչեւ անասունների առաջնածինները: Հէնց դրա համար էլ ես Տիրոջն եմ նուիրաբերում բոլոր առաջնածին արուներին, իսկ իմ որդիներից բոլոր անդրանիկ զաւակն»րին փրկագին կը տամ»:
16Ասածս նշան արա՛ ձեռքիդ վրայ, նաեւ նշան՝ ճակատիդ, որ յիշես, թէ Տէրը ինչպէս է հզօր ձեռքով մեզ հանել Եգիպտոսից»:
17Երբ փարաւոնն արձակեց ժողովրդին, Աստուած նրանց կարճ ճանապարհով՝ Փղշտացիների երկրով չառաջնորդեց, որովհետեւ Աստուած մտածեց, թէ ժողովուրդը պատերազմի բռնուելով՝ գուցէ վախենայ ու Եգիպտոս վերադառնայ:
18Դրա համար Աստուած ժողովրդին շրջանցիկ՝ անապատի ճանապարհով տարաւ դէպի Կարմիր ծով: Իսրայէլացիները Եգիպտացիների երկրից դուրս եկան հինգերորդ սերնդի ժամանակ:
19Մովսէսն իր հետ տարաւ Յովսէփի ոսկորները, որովհետեւ Յովսէփը, երդուեցնելով Իսրայէլի որդիներին, ասել էր. «Երբ Տէրը ձեզ այցի գայ, իմ ոսկորները կը հանէք այստեղից ու կը տանէք ձեզ հետ»:
20Սոկքոթից դուրս գալով՝ իսրայէլացիները եկան եւ կայք հաստատեցին Ոթոմում՝ անապատի եզրին:
21Աստուած ցերեկը նրանց առաջնորդում էր ամպի սիւնով, որպէսզի ճանապարհ ցոյց տայ նրանց, իսկ գիշերը՝ հրէ սիւնով, որպէսզի գիշեր-ցերեկ նրանք ուղեցոյց ունենան:
22Ցերեկը ամպի սիւնը, իսկ գիշերը հրէ սիւնը միշտ ամբողջ ժողովրդի աչքի առաջ էր: