1Այս դէպքերից յետոյ Եգիպտոսի արքայի տակառապետն ու մատակարարը մեղանչեցին իրենց տիրոջ՝ եգիպտացիների արքայի հանդէպ:
2Բարկացաւ փարաւոնն իր երկու ներքինիների՝ տակառապետի եւ մատակարարի վրայ,
3նրանց բանտ նետեց դահճապետի մօտ, այն բանտը, ուր Յովսէփն էր արգելափակուած:
4Դահճապետը նրանց յանձնարարեց Յովսէփին. սա սպասարկում էր նրանց: Նրանք որոշ ժամանակ մնացին բանտում:
5Միեւնոյն գիշերը բանտում երազ տեսան եգիպտացիների արքայի տակառապետն ու մատակարարը՝ ամէն մէկն իր երազը:
6Առաւօտեան Յովսէփը մտաւ նրանց մօտ եւ տեսաւ, որ նրանք յուզուած են:
7Նա հարց տուեց փարաւոնի ներքինիներին, որոնք իր հետ իր տիրոջ բանտում էին. «Ինչո՞ւ ձեր դէմքերն այսօր մռայլ են»:
8Նրանք պատասխանեցին. «Երազ ենք տեսել, եւ չկայ մէկը, որ կարողանայ մեկնել այն»: Յովսէփն ասաց նրանց. «Չէ՞ որ Աստծու օգնութեամբ հնարաւոր է դրանց մեկնութիւնը: Պատմեցէ՛ք ինձ»:
9Տակառապետը Յովսէփին պատմեց իր երազը եւ ասաց. «Երազում իմ առաջ երեւաց մի որթատունկ:
10Որթատունկն ունէր երեք շատ կանաչ ճիւղեր եւ հասունացած խաղողի երեք ողկոյզներ:
11Փարաւոնի բաժակն իմ ձեռքին էր. վերցնում էի խաղողը, ճմլում փարաւոնի բաժակի մէջ եւ բաժակը տալիս էի փարաւոնի ձեռքը»:
12Յովսէփն ասաց նրան. «Դրա մեկնութիւնը հետեւեալն է. երեք ճիւղերը երեք օրեր են:
13Կ՚անցնի երեք օր, փարաւոնը կը յիշի քո նախկին իշխանութիւնը եւ քեզ նոյն տակառապետի պաշտօնին կը նշանակի: Դու փարաւոնի բաժակը կը տաս նրա ձեռքը՝ ըստ քո նախկին իշխանութեան, ինչպէս անում էիր տակառապետ եղած ժամանակ:
14Իսկ երբ գործդ յաջող ընթանայ, դու յիշի՛ր ինձ, ողորմած եղի՛ր իմ հանդէպ, յիշի՛ր ինձ փարաւոնի առաջ
15եւ ինձ ազատի՛ր այս բանտից, որովհետեւ առեւանգելով՝ ինձ բերեցին Եբրայեցիների երկրից. եւ այստեղ ոչինչ չարեցի, բայց ինձ նետեցին այս բանտախուցը»:
16Երբ մատակարարը տեսաւ, որ նա երազին ուղիղ մեկնութիւն տուեց, ասաց Յովսէփին. «Ես էլ եմ երազ տեսել: Երազիս մէջ գլխիս վրայ ընտիր ալիւրով լի երեք զամբիւղ կար:
17Վերեւի զամբիւղի մէջ կային մատակարարների պատրաստած այն բոլոր ուտելիքները, որ ուտում էր փարաւոն արքան: Թռչուններն ուտում էին իմ գլխի վրայ գտնուող զամբիւղից»:
18Յովսէփը, դիմելով նրան, ասաց. «Այս է դրա մեկնութիւնը. երեք զամբիւղները երեք օրեր են:
19Երեք օր յետոյ փարաւոնը կը կտրի քո գլուխը, իսկ մարմինդ կը կախի ծառից, եւ երկնքի թռչունները կը յօշոտեն քո մարմինը»:
20Երեք օր յետոյ փարաւոնի ծննդեան տարեդարձի օրն էր: Փարաւոնը խնջոյք էր կազմակերպել իր բոլոր ծառաների համար: Ի թիւս իր ծառաների, նա յիշեց իր պաշտօնեաներ տակառապետին ու մատակարարին:
21Նա տակառապետին վերականգնեց իր պաշտօնում, եւ սա բաժակը տուեց փարաւոնի ձեռքը,
22իսկ մատակարարին կախեց ծառից, ինչպէս մեկնել էր Յովսէփը:
23Տակառապետը, սակայն, չյիշեց Յովսէփին. նա մոռացաւ նրան: